logo

ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

coatOfArms
    • Հայ
    • Eng
    • Рус

    Սուբվենցիոն ծրագրեր (դրամաշնորհներ)

    ՍՈՒԲՎԵՆՑԻԱ

    ՀՀ կառավարության կողմից իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագիրը համայնք-պետություն հորիզոնական համագործակցության նոր ձևաչափ է, որը ենթադրում է համայնքի կողմից կապիտալ որևէ ծրագիր ներկայացվելու և կառավարության կողմից դրական եզրակացություն ստանալու դեպքում այդ ծրագրի արժեքի մի մասի համաֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից։ Պայմանավորված կոնկրետ ծրագրի ոլորտով, առանձնահատկությամբ, աշխարհագրական դիրքով, ինչպես նաև տվյալ համայնքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա այդ ծրագրի ազդեցությամբ՝ պետական բյուջեից համաֆինանսավորվում է համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի ծրագրերի ընդհանուր արժեքի 30-ից 70 տոկոսի չափով։

    ՀՀ կառավարությունը 2018թ հունվարի 31-ի իր նիստում սահմանեց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նոր բազմագործոն ընթացակարգ, համաձայն որի բյուջետային ֆինանսավորման չափաբաժինը այսուհետ պայմանավորված կլինի մայրաքաղաք Երևանից ծրագրային հայտ ներկայացնող համայնքի հեռավորությամբ, սահմանամերձ և/կամ բարձր լեռնային բնակավայր լինելու հանգամանքով, ինչպես նաև ծրագրի ոլորտով։ Ընդ որում` նվազեցվել է համայնքների կողմից համաֆինանսավորման նվազագույն շեմը, և սկսել են դիտարկվել մինչև 50,0 մլն. ՀՀ դրամ համայնքային բյուջե ունեցող այն համայնքները, որոնք կներկայացնեն յուրաքանչյուր ծրագրի համար ընթացիկ տարվա համայնքային բյուջեների ֆոնդային մասից 3,0 մլն ՀՀ դրամ և ավելի համաֆինանսավորվող հայտեր։

    Համաձայն կարգի՝ սուբվենցիայի ծրագրային ոլորտներն են․

    • Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում/ ասֆալտապատում
    • Խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգի կառուցում/նորոգում
    • Ոռոգման համակարգի կառուցում/նորոգում
    • Փողոցային լուսավորության համակարգի կառուցում/նորոգում
    • Վերականգնվող էներգետիկա, այդ թվում արևային ֆոտովոլտային կայանների տեղադրում
    • Բնակավայրերի գազաֆիկացում
    • Մանկապարտեզների կառուցում, վերակառուցում/նորոգում
    • Հասարակական շենքերի (մշակույթի տուն, համայնքային կենտրոններ և այլն) կառուցում/վերանորոգում
    • Բազմաբնակարն շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում
    • Այգիների, պուրակների կառուցում/բարեկարգում
    • Մեքենասարքավորումների ձեռք բերում
    • Աղբավայրերի բարեկարգում կամ փակում

    Սուբվենցիայի տրամադրումն իրականացվում է հետևյալ կարգով․ ՀՀ համայնքները գնահատելով իրենց կարիքները և առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները, քննարկելով համայնքի ավագանու նիստում, ինչպես նաև համայնքի բնակիչների հետ հանրային լսումներ անցկացնելով` մշակում և ներկայացնում են սուբվենցիայի ծրագրի փաթեթ։

    Այնուհետև մարզպետարանների միջոցով դրանք ներկայացվում են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարություն։ Վերջինս համապատասխան ուսումնասիրություններից և թերի փաթեթները լրամշակելուց հետո դրանք ներկայացնում է վարչապետի որոշմամբ ստեղծված սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչականհանձնաժողովին։

    ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐ

    ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից 2019թ․ հունիսի 18 դրությամբ կայացած ընդհանուր առմամբ 4 նիստերի արդյունքում հավանության է արժանացել 239 ծրագիր, ընդհանուր 11,504 մլրդ ՀՀ դրամ գումարային արտահայտությամբ։ ՀՀ պետբյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 6,236 մլրդ ՀՀ դրամ, համայնքների համաֆինանսավորման չափը՝ 5,038 մլրդ ՀՀ դրամ։

    2018թ. ընթացքում ՀՀ համայնքների կողմից ներկայացվել է շուրջ 230 սուբվենցիայի ծրագրային հայտ, և քննարկման արդյունքներով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հավանության է արժանացել 180-ը, ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորվել է 1 մլրդ 621մլն ՀՀ դրամի չափով։ Իսկ նախորդ տարվա այն ծրագրերը, որոնք կասեցվել են անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով, նախատեսվում է իրականացնել այս տարի։