Տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը
Այսօր տեղի է ունեցել Հայաստանի հանքարդյունաբերության քաղաքականության II ծրագրի շրջանակներումՀանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության վերջնական նախագծի քննարկումը: Միջոցառմանը ներկա են եղել ՏԿԵ նախարարության, շահագրգիռ գերատեսչությունների, Համաշխարհային բանկի, ԱՃԹՆ-ի,ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի, ընդերքօգտագործող կազմակերպությունների ներկայացուցիչները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը ողջունել և շնորհակալություն է հայտնել բոլոր այն շահագրգիռ անձանց, որոնք այս ամիսների ընթացքում իրենց ներդրումն են ունեցել փաստաթղթի մշակման աշխատանքներում: Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման ռազմավարության նպատակն է ոլորտի կարգավորմանն ու առաջընթացին օժանդակելը, ինչպես նաև այն կօգնի ապահովել, որ հանքարդյունաբերությունն ունենա դրական և օրինաչափ դերակատարում` Հայաստանի կայուն զարգացման և տնտեսական աճին նպաստելու հարցում: Վերջինս պետք է միտված լինի տնտեսության երկարաժամկետ զարգացմանը, բնական ռեսուրսների արդյունավետ շահագործմանը, բնապահպանական և սոցիալական ռիսկերի կառավարմանն ու նվազեցմանը, ինչպես նաև եկամուտների համաչափ/արդարացի բաշխմանը։ Ծրագիրը նախաձեռնվել է ՀՀ կառավարության կողմից և իրականացվում է Համաշխարհային բանկի աջակցությամբ։